21/02/2021 13:43
Ակնհայտ է, որ գործ ունենք շինծու մեղադրանքով քաղաքական հետապնդման փորձի հետ. Վարդան Ոսկանյանը՝ Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։
«Ակնհայտ է, որ մենք գործ ունենք շինծու մեղադրանքով քաղաքական հետապնդման ակնհայտ փորձի հետ», - դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա ասաց, որ դատարանի բակում է և Սաղաթելյանին աջակցելու երկու պատճառ ունի, մեկն անձնական է, մյուսը՝ հասարակական։
«Շատերը գիտեն Հայաստանում, որ Արա Սաղաթելյանն իմ մտերիմ ընկերն է, բայց սա զուտ անձնական տիրույթում է։ Ինչ վերաբերում է հասարակական հարթությանը, ակնհայտ է, որ գործ ունենք շինծու մեղադրանքով հասարակական կարևոր դերակատարություն ունեցող անձի ձերբակալման փորձի հետ», - ասաց Վարդան Ոսկանյանը։
Նա հիշեցրեց՝ ինչպես է Սաղաթելյանն ապրիլյան պատերազմի ընթացքում թշնամական քարոզչությանը հակահարված հասցրել:
«Հատկապես այդ շրջանում էր, որ Հայաստանը թե՛ մարտական գործողությունների տիրույթում, թե՛ քարոզչական դաշտում Ադրբեջանին մատնեց պարտության։ Եվ նման մարդկանց՝ թե՛ Արա Սաղաթելյանին, թե՛ Կարեն Բեքարյանին նման մեղադրանք առաջադրելը քաղաքական հալածանքի փորձ է։ Արա Սաղաթելյանի ողջ վարքագիծը հուշում է, որ նա չէր կարող նման բան անել», - ասաց Վարդան Ոսկանյանը։