22/02/2021 12:12
Կարեն Բեքարյանը ազատ արձակվեց. դատարանը մերժեց ԱԱԾ-ին (Տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, մերժեց քաղաքագետ, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը, Aysor.am-ին ասաց Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։
Դատարանը, միևնույն ժամանակ, ոչ իրավաչափ ճանաչեց Բեքարյանի ձերբակալությունը՝ բավարարելով պաշտպանի բողոքը։
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:
Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ էին արձակվել, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Սարգսյանը ձերբակալվել էին։ Մհեր Ավագյանն ազատ է արձակվել, Արամ Սարգսյանն ու Արա Սաղաթելյանը՝ կալանավորվել։
ԱԱԾ-ն այս գործի մանրամասների վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել։
Սաղաթելյանը, Բեքարյանը, Ավագյանն ու Սարգսյանը ձերբակալվել էին ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով: