22/02/2021 18:23
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է երեք պատերազմների ընթացքում երկրի կորուստները
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը մոտեցել է 500 հազարի, ընդհանուր մահացել է 498,9 հազար վարակակիր, հայտնում են Ջոն Հոփքինսի համալսարանից:
Ինչպես նշում է «The New York Times»-ը, դա ավելին է, քան երկիրը կորցրել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների, ինչպես նաև Վիետնամի պատերազմի ընթացքում:
Ըստ ԱՄՆ վետերանների գործերի դեպարտամենտի՝ 53.4 հազար ամերիկացի է զոհվել Առաջին համաշխարհային պատերազմում մղված մարտերի ընթացքում, այլ պատճառներից մահացել են՝ 63.1 հազար: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում 291.5 հազարն է զոհվել մարտերում, ոչ մարտերի ընթացքում՝ 113.8 հազարը: 47,4 հազարն էլ զոհվել է Վիետնամի պատերազմի ընթացքում, 10,8 հազարը զոհվել է մարտերից դուրս:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը մեկ րոպե լռությամբ կհարգեն կորոնավիրուսից մահացածների հիշատակը: