23/02/2021 15:52
Արա Սաղաթելյանը շատ հանգիստ նայելու է իր երեխայի աչքերի մեջ, բայց մարդկանց ահագին մեծ քանակ իրենց երեխեքից է անեծք լսելու. Կարեն Բեքարյան (Տեսանյութ)
Հակադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետներն ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց՝ ի աջակցություն ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, ով այժմ կալանավորված է:
Քաղաքագետ Կարեն Բեքարյանը պնդում է՝ այս ամբողջ ֆարսը պայթելու է։
«Բայց ես ձեզ ասեմ՝ պայթելով չի ավարտվելու, ես ուզում եմ, որ մեր ողջ իրավապահ համակարգը, հատկապես այն հատվածը, որը կապված է այս թխվող, կարվող գործընթացի հետ, աչքի առաջ ունենա հետևյալը՝ պայթելով չի ավարտվելու», - լրագրողների հետ զրույցում ասաց Բեքարյանը։
Նա նշեց, որ Արա Սաղաթելյանը պետության զգացողությունն իր մեջ է կրում։
«Դրա համար պետք է համապատասխան դաստիարակաւթյուն, իսկ այսօր մենք անդաստիարակների իշխանության ներքո ենք ապրում, դրա համար պետք է փորձ, հմտություն, անցած ճանապարհ, որ քո կենսագրությունը գրելուց ոչ թե հիշես, որ մանկպարտեզում, միգուցե, դայակը շնորհակալություն է ասել, այլ ունենաս իրական կենսագրություն ու այդ կենսագրության մեջ պետության, երկրի հետ կապված ինչ-որ բան լինի», - ասաց քաղաքագետը։
Նա ընդգծեց՝ Արա Սաղաթելյանը շատ հանգիստ նայելու է իր երեխայի աչքերի մեջ, բայց «մարդկանց ահագին մեծ քանակ իրենց երեխեքից է անեծք լսելու»։
«Եթե Արա Սաղաթելյանն իմանար, որ մենք այսպիսի միջոցառման մեջ ենք, կասեր՝ «մի արեք, իմ խնդրով մի ծածկեք պետության կործանումը»», - ասաց Կարեն Բեքարյանը։
Նա նշեց, որ այսօր ապրում ենք հայ ժողովրդի դառնագույն էջերից մեկը։
«Մեր իշխանությունն այսօր անարժեք, անհայրենիքների ձեռքում է», - ասաց Բեքարյանը։
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:
ԱԱԾ-ն այս գործի մանրամասների վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել։
Սաղաթելյանը, Բեքարյանը, Ավագյանն ու Սարգսյանը ձերբակալվել էին ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով: