23/02/2021 15:26
Ցույց ենք տալու հանրությանն ու ԱԱԾ ծառայողներին, թե ով է իրականում նա. ակցիա՝ ի աջակցության Արա Սաղաթելյանի (Տեսանյութ)
Հակադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետներն ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց՝ ի աջակցություն ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, ով այժմ կալանավորված է:
«Ցույց ենք տալու թե՛ հանրությանը, թե՛ ԱԱԾ ծառայողներին, թե ով է իրականում Արա Սաղաթելյանը, ինչպիսի մեծ ներդրում ունի նա հակաադրբեջանական քարոզչության գործում, ինչքան ջանքեր է գործադրել, որպեսզի տարիներ շարունակ հայկական դիրքորոշումը մշապես հասկանալի ու ընկալելի լինի հակամարտությամբ զբաղվող բոլոր կողմերի համար», - լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից, քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը։
Նա ասաց՝ իրենց հետ նյութեր են բերել, որոնք կհանձնեն ԱԱԾ-ին, որ հասկական, թե ում հետ գործ ունեն։
Քաղաքագետը նշեց՝ շատ է ցավում, որ Հայաստանի անվտանգությամբ զբաղվող հիմնական կառույցը փաստացի ծառայում է «դավաճանի իշխանությանը»։
«Ամեն ինչ անում են, որ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի սկսած դավաճանությունը մինչև վերջ տեղ հասնի ու այն մարդիկ, ովքեր կարող են լուծումներ գտնել, մեկուսացվում են», - ասաց Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն գաղտնալսել ու հետևել է Սաղաթելյանին պատերազմի օրերին, այն օրերին, երբ վերջինս Ստեփանակերտում աշխատում էր միջազգային լրատվամիջոցների հետ։
«Ուկրաինական մամուլը պատերազմի առաջին օրերից լցված էր հակահայկական քարոզչությամբ: Ըստ էության, մի գիշերվա ընթացքում Սաղաթելյանը կարողացավ իրավիճակ փոխել ու արդեն իսկ տալ առաջին իրավիճակը շտկող նյութը», - ասաց քաղաքագետը։
Մելիք-Շահնազարյանն ընդգծեց՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի դեմ քարոզչությունը Հայաստանում արդեն քրեորեն պատժելի երևույթ է դառնում։
Քաղաքագետը պնդեց՝ Արա Սաղաթելյանը քաղաքական բանտարկյալ է։
«Պատերազմից հետո առաջին քաղբանտարկյալն է Հայաստանում։ Արա Սաղաթելյանն այսօր հետապնդվում է մի բանի համար, որ ինքն ամբողջ կյանքում եղել է Արցախի շահերի պաշտպանն ու Ադրբեջանի քարոզչական դաշտում հիմնական թշնամիներից մեկը», - ասաց նա։
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:
ԱԱԾ-ն այս գործի մանրամասների վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել։
Սաղաթելյանը, Բեքարյանը, Ավագյանն ու Սարգսյանը ձերբակալվել էին ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով: