23/02/2021 15:40
«Այսօր որոշել ենք ԱԱԾ-ին օգնել». Արա Սաղաթելյանի աջակիցները գրքեր «նվիրեցին» ԱԱԾ-ին (Տեսանյութ)
Հակադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետներն ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց՝ ի աջակցություն ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, ով այժմ կալանավորված է:
«Այսօր որոշել ենք ԱԱԾ-ին օգնել, Արա Սաղաթելյանի քրեական գործով իրեղեն ապացույցներ ենք բերել, որոնք, հուսով եմ, կօգնեն ավելի ծանր հանցագործության մեջ նրան մեղադրել», - լրագրողներին ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Նրանք իրենց հետ գրքեր էին բերել ԱԱԾ, որոնք վերաբերում են հայատյացությանն Ադրբեջանում, Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությանը»:
Փորձագետ Մարինա Գրիգորյանն էլ բերել էր գրքեր ու բուկլետներ, որոնք ներկայացնում են Ադրբեջանում տանջաահ արված հայ գերիներին:
Մասնագետները գրքերը տեղավորեցին ԱԱԾ շենքի աստիճաններին:
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:
ԱԱԾ-ն այս գործի մանրամասների վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել։
Սաղաթելյանը, Բեքարյանը, Ավագյանն ու Սարգսյանը ձերբակալվել էին ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով: