23/02/2021 11:53
Վրաստանի ընդդիմությունը Մելիայի ձերբակալությունից հետո պատրաստվում է բողոքի ակցիաների
Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները պատրաստվում են բողոքի ակցիաների՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ընդդիմադիր Գիգի Բոկերիայի հայտարարությանը:
Ըստ նրա, այդ ակցիաները կտևեն այնքան ժամանակ, քանի դեռ ընդդիմությունը «չի հասել արդյունքի»:
«Երկրում մեծ ամոթ կլինի Իվանիշվիլի-Գարիբաշվիլիի կոմիկական բռնապետության հաստատումը: Կանգնեք հանուն ձեր երեխաների ապագայի», - ասել է մեկ այլ ընդդիմադիր, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մելիային բերման են ենթարկել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակից, գործողության ընթացքում իրավապահները արցունքաբեր գազ են օգտագործել: Ավելի քան 10 մարդ բերման է ենթարկվել ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար: