24/02/2021 17:19
Twitter-ի՝ հայկական հաշիվների արգելափակումը միակողմանի է. Ադրբեջանն էլ Հայաստանի դեմ է հաշիվներ օգտագործում
Twitter-ն արգելափակել է ՀՀ կառավարության հետ կապված 35 հաշիվ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ հաշիվները ստեղծվել են Ադրբեջանի դեմ ուղղված հաղորդագրությունները խթանելու համար:
Անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ, ըստ նշվածի, հաշիվների մի մասը ներկայացված են որպես ադրբեջանցի քաղաքական գործիչներ կամ լրատվամիջոցներ: Նա նաև նշեց, որ անհայտ է, թե ովքեր են կառավարել այդ հաշիվները Հայաստանից:
Մարտիրոսյանը սա տեղեկատվական պատերազմի հետևանք է համարում, միայն թե ընդգծում է, որ արգելափակումները միակողմանի են: Նա ակնհայտ է համարում, որ Ադրբեջանն էլ Հայաստանի դեմ է այդպիսի հաշիվներ օգտագործում. «Twitter-ին ուղղված գրառումներ կան, որ արգելափակումը միակողմանի է»:
Մարտիրոսյանի խոսքով՝ Twitter-ի հայտարարության մեջ ադրբեջանական հաշիվների արգելափակման մասին խոսք չկա, բայց տավուշյան դեպքերից հետո, ամերիկյան կազմակերպության ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանի դեմ աշխատող Ադրբեջանի մի քանի հազար հաշիվ ավտոմատացված արգելափակվել էր:
Իսկ, առհասարակ, ՀՀ-ն որքանո՞վ է իր ներուժն օգտագործում տեղեկատվական պատերազմում՝ հարցին Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Հիմա Հայաստանը շատ քիչ է ներգրավված այդ հարցերում: Հայաստանի տեղեկատվական հիմնական ռեսուրսը գնում է ներքաղաքական պայքարի վրա՝ բոլոր կողմերից»: