24/02/2021 10:22
Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը ադրբեջանական կողմը ձգձգում է արհեստականորեն. Եղիշե Կիրակոսյան
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը հանդիպել են Լիտվայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան՝ Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, Շվեդիայի Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան` պարոն Սվենսոն Պատրիկի և Լեհաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան`Ն.Գ. պարոն Պավել Չեպլակի հետ:
Դեսպաններին է ներկայացվել 44 օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից սանձազերզված մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ տեղեկատվություն: Քննարկման առանցքային թեմաներից էր նաև գերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքների խախտումների առնչությամբ Ներկայացուցչի գրասենյակի կողմից ձեռնարկած քայլերը: Ներկայացուցչի կողմից մատնանշվել է, որ պատերազմից ի վեր գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության համար Եվրոպական դատարան են ներկայացվել միջանկյալ միջոց կիրառելու մասին բազմաթիվ դիմումներ:
Շեշտադրվել է, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը ադրբեջանական կողմը ձգձգում է արհեստականորեն: Քննարկվել են նաև Հայաստանի կողմից ընդդեմ Ադրբեջանի ներակայացված միջպետական գանգատի վերաբերյալ որոշ հարցեր:
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից արձանագրված արդյունքների և հետագա անելիքների մասին հակիրճ քննարկում: Դեսպանները առաջարկել են իրենց աջակցությունը հնարավոր հետագա սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացում: