24/02/2021 14:54
Փաշինյանն արգելել է «Իսկանդեր» օգտագործել Ադրբեջանի երկու ռազմավարական օբյեկտների վրա. Գաբրելյանովը բացահայտում է ՀՀ ԳՇ պետի հետ զրույցի մանրամասները
Ռուս լրագրող, «Իզվեստիա» թերթի խմբագրության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովը բացահայտել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ զրույցի մանրամասները:
«Քանի որ «Իսկանդերի» թեման շրջանառվում է, ապա կպատմեմ: Մոսկվայում, մոտ մեկ ամիս առաջ, ես ծանր, երկար զրույց ունեցա հայկական բանակի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Ես չեմ կարող ամեն ինչի մասին պատմել, բայց քանի որ Նիկոլը բարձրացրել է այս եզակի զենքի թեման, ես գրեթե բառացիորեն մեջբերեմ այն, ինչ ասել է Օնիկը, իսկ հետո ինքներդ կորոշեք», - գրում է Գաբրելյանովը Telegram-ի իր ալիքում:
Այնուհետև նա մեջբերում է Օնիկ Գասպարյանի խոսքերը.
«Պատերազմի երրորդ օրը, որպես բանակի շտաբի պետ, որոշել էի «Իսկանդերը» օգտագործել երկու ռազմավարական օբյեկտների՝ Բաքու-Ջեյհան նավթամուղի և մեկ այլի վրա: Փաշինյանը կտրականապես արգելեց, չնայած ռուսները հասկացրել էին, որ դա ձեր գործն է ու ձեր պատերազմն է: Շուշիի տապալումից երեք օր առաջ ես Փաշինյանից թույլտվություն խնդրեցի երկու «Իսկանդերներով» հարվածել հակառակորդի կենդանի ուժի հսկայական կուտակմանը հենց Շուշիի ստորոտում: Փաշինյանը կտրականապես արգելեց՝ ասելով, որ համաշխարհային հանրությունը մեզ անիծելու է, եթե միանգամից թշնամու մի քանի հազար զինվոր սպանենք: Միակ անգամն ինձ թույլատրվեց օգտագործել «Իսկանդերը» դեպի Շուշի քաղաք: Ես այն կիրառեցի: Մենք օգտվեցինք դրանից և կարողացանք մի քանի տանկ մտցնել քաղաք: Երկու օր անց հրաման եկավ ինձ՝ թողնել Շուշին և նահանջել»: