24/02/2021 20:20
«Իսկանդերի» նախագծող. Հայաստանի վարչապետին շտապ անհրաժեշտ է վերացնել իր անգրագիտությունը
«Комсомольская правда»-ի ռազմական վերլուծաբան, ՌԴ պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի անդամ Վիկտոր Բարանեցը դիմել է տակտիկական հրթիռների նախագծման 37-ամյա փորձով ինժեներ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վլադիմիր Կովալյովին՝ կապված «Իսկանդերի» անարդյունավետության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ:
«Հայտարարելով ռուսական «Իսկանդեր»հրթիռների անաշխատունակության մասին՝ Փաշինյանը, ինչպես ասում են, պետք է պատասխանատու լինի «բազառի» համար: Նման լուրջ պահանջներ ներկայացնելով հրթիռային համակարգին և միաժամանակ հրապարակավ խոստովանելով, որ ինքը «չգիտի» հարցի էությունը՝ դա Հայաստանի վարչապետի համար անարժան և նույնիսկ անպատվաբեր է: Իսկ «80-ականների զենքի» մասին նրա հայտարարությունն արդեն տգետ դիլետանտի նշան է: Ինչպիսի՞ «80-ականների զենքի» մասին կարող է խոսք լինել, եթե նույնիսկ ռուսական բանակն է ավարտել «Իսկանդերով» զինվելը միայն 2019-ի վերջին: Հայաստանն էլ մի քանի այդպիսի համալիրներ է ստացել արտահանման տարբերակով նույնիսկ ավելի վաղ, չէ՞ որ մենք դաշնակիցներ ենք», - ասել է Կովալյովը:
Նրա խոսքով՝ ինքը ականատես է եղել համալիրի փորձարկումներին, և չի եղել դեպք, երբ մարտագլխիկը չպայթի:
«Եվ որպեսզի նման բան տեղի ունենա, հավանաբար անհրաժեշտ է կա՛մ հրթիռից «պտուտակելով» անջատել մարտագլխիկը, կա՛մ համալիրի սպասարկումը վստահել դիլետանտներին: Եվ այստեղ դեռ պետք է հասկանալ. արդյո՞ք տգետներն են «Իսկանդերը» սպասարկել կրակելուց առաջ: Իսկ այստեղ պետք է լռել... Գիտե՞ք էլի ինչի մասին մտածեցի, երբ Փաշինյանը խոսում էր այն մասին, որ հրթիռի մարտագլխիկը պայթել է ընդամենը 10%-ով: Այն մասին, որ վարչապետին շտապ անհրաժեշտ է վերացնել իր անգրագիտությունը: Այո այո! Մեզ «լիկբեզ» (կրթական ծրագիր) է պետք: Ըստ ամենայնի, նա կամ դպրոցում վատ սովորող աշակերտ էր, կամ ականջի ծայրով լսել է, որ արտահանման «Իսկանդերի» մարտագլխիկի կարողությունը 10%-ով ցածր է ռուսականից: Մոսկվան դա երբեք չի թաքցրել Երևանից:
Բայց Փաշինյանն ամեն ինչ շփոթել է:
Եվ նա ծիծաղելի բան խոսեց՝ ասելով, որ հայկական հրթիռային մարտագլխիկը պայթում է ընդամենը 10%-ով: Նման անհեթեթություն գոյություն չունի նույնիսկ հայկական հայտնի անեկդոտներում: Եվ վերջում, Փաշինյանը լռել է մի շատ կարևոր բանի մասին. երբ մի քանի հայկական «Իսկանդեր» հրթիռներ պայթել են Ադրբեջանի ռազմավարական նշանակություն ունեցող նավթագազային օբյեկտներից ոչ հեռու, Բաքվում հստակ հասկացել են, որ պետք է պատերազմին վերջ տալ: , Եվ դուք նույնպես պետք է հասկանաք, թե ինչ ահռելի կորուստներ կունենար Ադրբեջանի տնտեսությունը, նույնիսկ եթե «Իսկանդերի» մարտագլխիկն աշխատեր միայն փաշինյանական զավեշտալի 10%-ով», - նշել է կոնստրուկտորը: