24/02/2021 13:05
Հրապարակվեց «Սասնա ծռերի» գործով դատավճիռը. Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարի, Պավել Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը՝ 7 տարի ազատազրկման
Դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռը։
Դատարանի որոշմամբ՝
Պավլիկ Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման, հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 8 ամիս ազատազրկումը։
Գագիկ Եղիազարյանը դատապարտվեց 7 տարի 5 ամիս ազատազրկման, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս ազատազրկման, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, որից հանվեց 2 տարի կալանքի տակ մնալը. վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ժամկետով։
Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարի ժամկետով ազատազրկման, Արմեն Բիլյանը՝ 4 տարի ժամկետով, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս ժամկետով, էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս ժամկետով, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Դատարանն ապացուցված չհամարեց Արմեն Բիլյանին մեղսագրվող սպանության մեղադրանքը՝ հաշվի առնելով , որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար չէին հաղթահարելու հիմնավոր կասկածից վեր ապացուցողական այն շեմը, որի պարագայում միայն հնարավոր կլիներ այդ մեղադրանքով կայացնել մեղադրական դատական ակտ։ Նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացվեց, խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը։
Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ անձի մահվան հիմքով:
Դատավոր Մակյանը հայտարարեց, թե, հաշվի առնելով, որ բոլոր ամբաստանյալներն ազատ արձակվելուց հետո պատշաճ վարքագիծ են դրսևորել, կարող են մնալ ազատության մեջ, մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը, որից հետո նրանք կկրեն դատարանի կողմից սահմանված պատիժները:
Հիշեցնենք՝ ՊՊԾ գունդը գրավվեց 2016 թվականի հուլիսի 17-ին։ Զինված հարձակման հետևանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։