24/02/2021 22:59
Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից վարչապետի առաջարկությամբ
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասին. Տիրան Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից», - ասված է հրամանագրում։
Հիշեցնենք՝ «Իսկանդեր» հրթիռային հարձակվողական համակարգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարարության առնչությամբ Yerevan.Today-ն այսօր դիմել էր Տիրան Խաչատրյանին։ Ըստ հրապարակման՝ նա երկար ծիծաղեց, հետո նոր պատասխանեց. «Իհարկե՝ հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ (ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)։ Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձևավորել»։
Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում էր ներկայացրել, որում ասված էր. «Yerevan.today կայքում փետրվարի 24-ին հրապարակվել է մի հոդված, որում արծարծվում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի անունը:
Տվյալ լրատվամիջոցի ներկայացուցչի հետ հեռախոսազրույցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ասել է, որ չի կարելի նման թեմաներով խոսել և եզրահանգումներ անել, ինչից հետո լրագրողը մեջբերել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գնահատականը, թե իբրև դա հնարավոր է, ինչն էլ առաջացրել է Տիրան Խաչատրյանի ծիծաղը:
Հոդվածում լրագրողն ակնհայտորեն ամբողջապես չի ներկայացրել և, փաստացի, խեղաթյուրել է հեռախոսազրույցի բովանդակությունը` ընթերցողների մոտ առաջացնելով թյուրըմբռնում, ինչը կարելի է որակել որպես տեղեկատվական սադրանք:
Եվս մեկ անգամ հորդորում ենք լրատվամիջոցների ներկայացուցիչներին և քաղաքացիներին զերծ մնալ ռազմական ոլորտին առնչվող նմանաբնույթ խոսակցություններից և քննարկումներից, քանի որ դրանք կարող են էական վնաս հասցնել Զինված ուժերին և մեր երկրի անվտանգությանը»:
Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ էր նշանակվել 2020 թ. հունիսի 15-ին։
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը, 2020 թ. հոկտեմբերի 22-ին Տիրան Խաչատրյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար։
2020 թ. հոկտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման: Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակին»։