24/02/2021 12:31
Թուրքիան կխթանի թուրքմենական գազի մատակարարումը Եվրոպա. Չավուշօղլու
Անկարան կանի հնարավորը, որպեսզի օգնի կազմակերպել թուրքմենական գազի մատակարարումը Եվրոպա: Այս մասին նախօրեին հայտարարել էր Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն թուրքմեն իր գործընկերոջ՝ Ռաշիդ Մերեդովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք պատրաստ ենք անել այն ամենը, ինչ կախված է մեզանից, որպեսզի Թուրքմենստանից գազը հասնի Թուրքիա և հետագայում դեպի Եվրոպա», - ասել է Չավուշօղլուն:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև ողջունել է վերջերս Կասպից ծովում «Դոստլուգ» հանքավայրի շահագործման վերաբերյալ ադրբեջանա-թուրքմենական հուշագրի ստորագրումը:
Թուրքմենստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն և Մերեդովը քննարկել են փոխգործակցությունը քաղաքական-դիվանագիտական, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում, ինչպես նաև ներդրումների հարցը: Հանդիպումից հետո նրանք ստորագրել են 2021-2022 թվականների արտգործնախարարությունների համագործակցության ծրագիր: