25/02/2021 17:48
«Օնի՛կ ջան, ինքնակամ դիմում գրի և հեռացիր, էսօրվանից վե՛րջ թավիշին». Փաշինյանի ելույթը՝ Հանրապետության հրապարակում
Որևէ մեկը չի կարող համարձակվել դրժել իմ հրամանը, ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում՝ հատարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որպես ՀՀ վարչապետ հրամայում եմ Զինված ուժերի սպաներին՝ զբաղվում եք ձեր գործով, ՀՀ տարածքային ամբողջականության և սահմանների պահպանմամբ», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց՝ պատերազմից հետո շատ է մտածել հրաժարականի մասին, սակայն եկել է եզրակացության, որ ինքնակամ չի վարչապետ դարձել, ժողովուրդն է իրեն ընտրել, հետևաբար նաև ժողովուրդը պետք է իր հրաժարականը պահանջի։
Անդրադառնալով ընդդիմության գործողություններին՝ Փաշինյանը ասաց, որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ իր առաջարկն ուժի մեջ է, ապա դիմելով ընդդիմությանն՝ ասաց.
«Էլի խորհրդարանական ուժերին ասում եմ՝ եկեք իրար հետ օրը, ժամը որոշենք, եկեք կոնսուլտացիաներ սկսենք էդ թեմայով։ Նույնիսկ ամենասուր քննադատություն անող քաղաքական ուժերի հետ ես պատրաստ եմ բանակցություններ սկսել»։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, թե այսօրվանից «վերջ է դնելու թավիշին».
«Էսօրվանից վե՛րջ թավիշին, վերջ թավիշին», - ասաց վարչապետը։
Նա անդրադարձավ նաև ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի հարցին։
«Զինված ուժերի հետ կապված իրավիճակը պետք ա հանգուցալուծվի։ ՀՀ նախագահի հետ հեռախոսազրույց եմ ունեցել և ասել, որ իմ կարծիքով, ինքը պետք ա իմ միջնորդությունը ստորագրի։ Եթե նախագահը չի ստորագրում... այսինքն ի՞նչ, ինքը միանո՞ւմ է հեղաշրջմանը։ Օնի՛կ ջան, ինքնակամ դիմում գրի և հեռացիր», - հայտարարեց վարչապետ։
Ելույթից հետո Փաշինյանն իր աջակիցների հետ երթ սկսեց Տիգրան Մեծի պողոտայով: