26/02/2021 17:24
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին և կից օրենսդրական փաթեթին:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ փաթեթի՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ստացվել են առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է: Հանդիպումներ են եղել գիտնականների, պետական բուհերի ռեկտորների հետ: Նախագծի հիմնական դրույթներն անփոփոխ են մնացել, թեև կատարվել են որոշ սկզբունքային և խմբագրական փոփոխություններ: Դրանք վերաբերում են բուհերի հավատարմագրման կարգին, բուհերի կառավարման խորհրդին, բուհերի ինքնավարության ավելացմանը, ռեկտորների տարիքին:Նախարարը նշեց, որ կան դրույթներ, որոնց վերաբերյալ այդպես էլ շահագրգիռ կողմերը համաձայնության չեն եկել: Դրանք ռեկտորների նշանակման, հոգաբարձուների խորհրդի ձևավորման վերաբերյալ դրույթներն են:
Հարակից զեկույցում հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ առաջարկները հիմնականում վերաբերել են բուհերի ռեկտորներին և կառավարման խորհրդին. անտեսված են մնացել որոշ բովանդակային դրույթներ:
Փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: