26/02/2021 14:29
Իմ՝ իշխանության գալու պարագայում, գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց. Վանեցյան
Պաշտոնապես խոսք եմ տալիս, որ իմ՝ իշխանության գալու պարագայում, գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանցեյանը: Նա նշեց՝ հիմա այդ գործընթացին աջակցելու լիազորություն չունի։
«Անձնական կապերը, առհասարակ, շատ լուրջ դերակատարում են ունենում: Ես համոզված եմ, որ կկարողանամ լուծել այդ հարցերը: Անձնական կապերը փորձել եմ օգտագործել պատերազմի ողջ ընթացքում՝ տարբեր խնդիրների համար: Իմ ընկերները ասում են՝ պարոն Վանեցյան, Դուք որպես ո՞վ եք հանդես գալիս, Դուք ՀՀ պաշտոնական ներակայուցի՞չ եք, թե՞ ոչ: Ձեր բարձրացրած հարցերը միջպետական բնույթ են կրում», - ասաց Վանեցյանը։
Նա ընդգծեց, որ իշխանության կռիվ չի անում, հակառակ դեպքում՝ իշխանությունից դուրս չէր գա:
«Մենք պետք է հասկանանք, որ ես ինչ-որ կերպ պետք է ներգրավված լինեմ այս երկրի կառավարմանը, բայց Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ես որևէ կերպ չեմ կարող ներգրավվել», - ասաց նա՝ ավելացնելով, որ խոսքը ինչ–որ կարգավիճակ ունենալու մասին է, ոչ թե բացարձակ իշխանության:
Հարցին՝ եթե իշխանությունը պաշտոն առաջարկի իրեն գերիների վերադարձի հարցը լուծելու համար, կհամաձայնի՞, Վանեցյանը պատասխանեց, որ երկրի համար պատրաստ է անել ամեն ինչ, բայց այսօր այդ վիճակը չէ, որ միայնակ որոշումներ կայացնի.
«Ես ներգրավված եմ Հայրենիքի փրկության շարժման մեջ, և այսօր այս բազմությունը մեզնից չի պահանջում այս Կառավարության մաս կազմել: Մեզնից կա պահանջ՝ փոխել վարչապետին, ձևավորել ազգային կառավարություն»: