26/02/2021 17:28
Նախագահը լսել է մեզ և ասել, որ լիազորությունների շրջանակներում օբյեկտիվ որոշում կկայացնի. Վանեցյան
Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները հանդիպեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց.
«Հանրապետության նախագահին ներկայացրինք մեր տեսակետները և խնդրեցինք, որ որպես Սահամանադրության երաշխավոր, իր լեզորությունների շրջանակներում հանգուցալուծի երկրում ստեղծված արտառոց վիճակը: Երկուստեք արձանագրվեց, որ առաջնահերթ է մեր պետական շահը, բոլորն առաջնորդվելու են պետական շահի առաջմղմամբ»:
ԳՇ պետի հրաժարականի փաստաթղթի մասով, ըստ Վանեցյանի, Սարգսյանը որևէ ազդակ չի տվել.
«Նախագահը լսել է մեզ և ասել, որ իր լիազորությունների շրջանակներում օբյեկտիվ որոշում կկայացնի: Որևէ կոնկրետ որոշում նախագահը մեզ չի ասել»:
«Հայրենիք» կուսակցության նախագահը հայտնեց՝ հանդիպման ընթացքում նշվել է, որ ՀՀ-ում երեկվա իրադարձությունները ռազմական հեղաշրջման փորձ չեն։
Վանեցյանը տեղեկացրեց նաև, որ նախագահը շարունակում է հանդիպումների շարքը: Ըստ նրա՝ նախագահի ու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հանդիպումն այսօր պետք է լինի: