27/02/2021 18:28
Հայոց բանակը հայ ժողովրդի անվտանգության և իր բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու և արարելու իրավունքի երաշխավորն է. ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։
- Երեկ Ադրբեջանի նախագահն օտարերկրյա լրատվամիջոցների համար ասուլիսին հանդես է եկել մի շարք հայտարարություններով, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ նոր սպառնալիքներով, ռազմագերիների հարցի, Արցախի կարգավիճակի վերաբերյալ մեկնաբանություններով: Ինչպե՞ս կարձագանքեք այդ հայտարարություններին:
-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փետրվարի 26-ի երկարաձիգ ասուլիսը հայ ժողովրդի նկատմամբ հերթական ատելության խոսքի դրսևորումն էր՝ ուղղված հայ ժողովրդի՝ որպես «հարմար թշնամի» կերպարի շահարկմամբ ադրբեջանական հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղել
Մեկ հարցի շրջանակներում, իհարկե, դժվար կլինի անդրադառնալ բոլոր այն իրարամերժ հայտարարություններին, որոնք տեղ են գտել Ադրբեջանի նախագահի խոսքում: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ընդգծել.
Առաջին, Ադրբեջանի նախագահը շարունակում է հայատյացության քաղաքականությունը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնաղբյուրն է: Նախկինում աշխարհի հայ ժողովրդին թիվ մեկ թշնամի հայտարարած նախագահ Ալիևի` «հայ ժողովուրդն Ադրբեջանի թշնամին չէ» խոսքերը խարխլվում են հայ ժողովրդի, նրա պետական ինստիտուտների, բանակի նկատմամբ թշնամական հռետորաբանությամբ, ուստի չեն կարող լինել արժանահավատ:
Երկրորդ, ի հեճուկս միջազգային հանրության օրեցօր ուժեղացող կոչերին՝ անհապաղ ազատ արձակել նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին դրույթի՝ Ադրբեջանի կողմից խախտման հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին՝ Ադրբեջանի նախագահն արդարացնում է իր երկրի միջազգային պարտավորությունների, այդ թվում՝ միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների խախտումները՝ փաստացի սպառնալով նոր գերեվարումներով: Ավելին, Ադրբեջանի նախագահի կողմից հայ բոլոր գերիներին վերադարձրած լինելու մասին պնդումն արվում է այն ժամանակ, երբ Ադրբեջանի պատկան մարմինները միջազգային հեղինակավոր կառույցներին փոխանցել են հայ ռազմագերիների առկայության մասին տեղեկատվություն:
Երրորդ, մենք բազմիցս ենք հայտարարել, որ Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը չի կարող համարվել հակամարտության լուծում: Տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար պետք է վերացվեն ռազմական ագրեսիայի հետևանքները, և իրացվեն արցախահայության իրավունքները, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված ինքնորոշման իրավունքի հիման վրա:
Չորրորդ, հայոց բանակը հայ ժողովրդի անվտանգության և իր բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու և արարելու իրավունքի երաշխավորն է, որը բազմաթիվ հայորդիների անձնազոհության գնով խաթարեց թուրք-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքի ցեղասպան նկրտումները հայ ժողովրդի նկատմամբ: Ալիևի տվյալ ասուլիսը մեկ անգամ ևս ապացուցեց հայոց բանակի վերազինման և արդիականացման հրամայականը:
Ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները ի ցույց են դնում, որ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ քայլեր ձեռնարկելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար, ավելին, այն իր հայտարարություններով ի չիք է դարձնում վստահության ձևավորման որևէ հնարավորություն:
- Ադրբեջանի նախագահը հերթական անգամ խոսել է Հայաստանի տարածքով «միջանցքի» մասին: Ի՞նչ միջանցքի մասին է խոսքը:
-Այս հարցին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք, սակայն ևս մեկ անգամ կկրկնեմ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը չի պարունակում որևէ միջանցքի ստեղծման դրույթներ: Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կամ հաղորդակցության ուղի կա և լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։
- Ադրբեջանի նախագահը հանդես է եկել Արցախ ադրբեջանցի փախստականների վերադարձի անհրաժեշտության մասին պնդումներով: Արդյոք որևէ քննարկում այդ ուղղությամբ իրականացվու՞մ է:
- Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է տեղահանված անձանց վերադարձը իրենց բնակության վայրեր՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: Այնուամենայնիվ, հայտարարությունից անգամ մոտ չորս ամիս անց ադրբեջանական կողմը խոչընդոտում է միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ մասնագիտացված մարմինների մուտքը Արցախ՝ խաթարելով հումանիտար առաքելությունների իրականացումը:
Ակնհայտ է, որ պետք է վերադառնան նախևառաջ վերջին լայնածավալ պատերազմի ընթացքում տեղահանվածները, և նոյեմբերի 9-ի հայտարարությունը միտված է առաջին հերթին այդ պատերազմի հումանիտար հետևանքների վերացմանը: Դա վերաբերում է Հադրութի, Շուշիի, ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող այլ բնակավայրերի բնակիչներին: Մինչդեռ ադրբեջանական զինված ուժերը ոչ միայն չեն թույլատրում տեղահանվածների վերադարձը, այլև այրելով և ոչնչացնելով վերջիններիս բնակավայրերը՝ փորձում են դա անհնար դարձնել:
Նման վարվելակերպը հստակորեն մատնանշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը հայ և ադրբեջանցի ժողովուրդների համակեցության հայտարարություններով փորձում է քողարկել Արցախում էթնիկ զտումների և հայաթափության տխրահռչակ քաղաքականությունը: