27/02/2021 16:29
Ե՛վ Վիտալի Բալասանյանը, և՛ Արցախի ազգանվեր հատվածը կանգնած են Հայրենիքի փրկության շարժման և Հայոց բանակի կողքին. Հայտարարություն
Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Վիտալի Բալասնյանը կանգնած է Հայրենիքի փրկության շարժման և Հայոց բանակի կողքին։
«Երբ, դեռևս 2018թվականին, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը ահազանգում էր, որ Հայաստանում իշխանության են եկել ազգադավ ուժեր և անհրաժեշտ է պայքարել՝ բոլորը կարծես թերհավատությամբ էին նայում գեներալի խոսքերին: Սակայն ազգադավ ուժերը շատ լավ հասկանալով թե ինչի մասին է ահազանգում Վ. Բալասանյանը, փորձում էին ամեն կերպ մեկուսացնել նրան:
Պատահական չէ, որ այդ օրերին, անօրեն հեռացրին նրան Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղարի պաշտոնից: 2020 թվականի 44 օրյա պատերազմը ցավոք հաստատեցին գեներալի խոսքերը և մտահոգությունները: Այսօր ազգադավ Նիկոլ Փաշինյանը դեռևս իշխանության ղեկին է և բնական է, շարունակում է պայքարել առաջինն իր ազգադավ ծրագիրը բացահայտող հերոս գեներալի դեմ:
Երեկ ինչ որ լրատվականում տեղեկություն է տարածվել, թե իբր, Վ. Բալասանյանը նույնպես լծվել է ՀՀ ՊՆ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին «հետ համոզելու» ազգակործան գործընթացին: Նույն կենտրոնի նույն ձեռագիրը: Սակայն շատ լավ ճանաչելով Վ. Բալասանյանին, կարող ենք փաստել, որ 90-ականներին հաղթանակ տարած գեներալը, որը 2016թվականի ապրիլին վերահաստատեց իր փառահեղ ռազմաքաղաքական գործիչ լինելու հանգամանքը՝ չէր կարող Օնիկ Գասպարյանին «հետ համոզելու» ազգակործան գործընթացին մասնակցել:
Իսկ, եթե նույնիկ հանդիպել է Գասպարյանի հետ, ապա միայն նրան զորակցելու և հայտնելու, որ և՛ ինքը, և՛ Արցախի ազգանվեր հատվածը կանգնած են Հայրենիքի փրկության շարժման և Հայոց բանակի կողքին», - նշված է հայտարարության մեջ։