27/02/2021 12:06
«Սա շատ վտանգավոր պահ է». Ռուբեն Վարդանյանը նկարագրել է Հայաստանի զարգացման երկու սցենար (Տեսանյութ)
«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ներկայիս քաղաքական, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բանակի ղեկավարության առճակատմամբ ուղեկցվող ճգնաժամից հետո տեսնում է Հայաստանի զարգացման երկու սցենար:
Վարդանյանը հույս է հայտնել, որ կառավարության ղեկավարի և նրա ընդդիմախոսների միջև հակամարտությունը զոհերի չի հանգեցնի: Նա նաև կարծիք է հայտնել, որ այժմ Հայաստանի բնակիչները ստիպված են ընտրել քաղաքական գործիչների շրջանում նրանց, ովքեր իրենց մեջ նվազագույն մերժում են առաջացնում:
«Սա շատ վտանգավոր պահ է, երբ ընտրում ես ոչ թե դրական օրակարգով, այլ հաշվի առնելով, որ չլինի մեկը կամ մյուսը: Ես հիմա չեմ ուզում գնահատական տալ, քանի որ դա Հայաստանի ներքին գործն է՝ ընտրել իր համար առաջնորդներ: Բայց հարցն այն է, որ պետք է լինի այլընտրանք, որը մարդիկ պետք է զգան և տեսնեն, որ կա ոչ միայն մեկը, այլ մյուսը», - ասել է Վարդանյանը:
Գործարարի խոսքով՝ Հայաստանում անընդհատ խոսում են անցյալի մասին, բայց չեն քննարկում երկրի ապագան: «Կա տարբերակ, որ մենք կարող ենք դառնալ շատ լուռ, ոչ այնքան ակտիվ վայր, որտեղ կմնա 1,5-2 միլիոն մարդ, որտեղ կուղարկվի նույն 2 միլիարդ դոլարի օգնությունը (արտասահմանում հայկական սփյուռքից՝ РБК): Մարդիկ ավելի լավ կապրեն, քանի որ քիչ մարդկանց հաշվով ավելի շատ փող է ստացվում՝ հաշվի առնելով, որ շատ մարդիկ են հեռացել: Դա կլինի, կասեի, Աբխազիայի նման երկիր», - ենթադրում է Վարդանյանը:
Գործարարը նման սցենարն անվանել է «բացարձակ իրատեսական», քանի որ, իր տվյալների համաձայն, այս տարի 200 հազար մարդ մտադիր է լքել Հայաստանը, և ևս 200-300 հազարը մտածում է այդ մասին: Հանրապետության բնակչությունն այժմ 3 միլիոն մարդուց մի փոքր պակաս է: «Այդ մարդիկ քվեարկում են ոտքերով: Նրանք չեն հավատում, որ իրենք կամ իրենց երեխաները հաջողության կհասնեն այս երկրում», - ասել է նա:
Վարդանյանի խոսքով՝ այս սցենարում երկրում կմնան պասիվ մարդիկ: Նրանք վատ կապրեն, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչից գոհ կլինեն: «Դրան (դրսից եկող փողեր՝ РБК) սովորում ես: Դա նման է թմրանյութի: Եկամուտ՝ այստեղ քեզ պետությունը չի տալիս, այլ հարազատները», - նշել է նա:
Ընդ որում՝ ըստ Վարդանյանի, դեռ հնարավոր է մեկ այլ սցենար, որում Հայաստանը կդառնա պետության և հասարակության փոխգործակցության եզակի հաջող օրինակ: Սակայն այս պարագայում՝ ըստ գործարարի, անհրաժեշտ է սփյուռքի ավելի ակտիվ մասնակցությունը երկրի կյանքին: «Պետք չէ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Փարիզից կամ Լոս Անջելեսից քննադատել և ասել, թե որքան վատ է այնտեղ: Կամ մի փոքր գումար ուղարկել և մտածել, որ խիղճդ մաքուր է: Պատրաստ են արդյոք նրանք վեր կենալ, գալ: Ընդ որում, գալ ոչ թե որպես նախարար, այլ գալ գյուղ», - հարցադրում է անում Վարդանյանը:
«Մենք խոսում ենք հարյուր հազարավոր մարդկանց մասին: Խոսքը մի քանի տասնյակ թոփ-մենեջերների մասին չէ, որոնք կգան Հայաստան և այն դրախտ կդարձնեն: Դա փոփոխություն է ամբողջ մոդելի մեջ, այն մոդելի, որը նախկինում ասում էր. «տղաներ, մենք ինքներս ամեն ինչից գլուխ կհանենք այստեղ, և դուք երբեմն եկեք մեզ մոտ, նայեք Արարատ լեռը, լաց եղեք, խորոված կերեք և հետ գնացեք»», - համոզված է նա:
Հայաստանում իրավիճակը սրվել է, երբ Հայաստանի գլխավոր շտաբը պաշտոնը թողնելու կոչով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Զինվորականներին աջակցել է այդ թվում՝ ընդդիմությունը, որը կոչ էր անում հավաքվել բանակի շուրջ:
Իր հերթին, Փաշինյանը կատարվածը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ և հայտարարել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության մասին:
Օրենքի համաձայն՝ նախագահ Արմեն Սարգսյանը կարող է չեղյալ հայտարարել Գասպարյանի պաշտոնանկությունը: Փետրվարի 26-ի կեսօրին նրա աշխատակազմից հայտարարել են, որ մինչ այժմ որոշում չի կայացվել այս թեմայի շուրջ՝ չնայած ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ նախագահը Փաշինյանի միջնորդագիրը հետ է ուղարկել կառավարություն:
Վարչապետի և զինվորականների դիմակայության պատճառը «Իսկանդեր» հրթիռային համալիրների շուրջ վեճն էր: Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում ռուսական համալիրի հրթիռները «չեն պայթել կամ պայթել են միայն 10% -ով»: Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը այդ հայտարարությունը համարել է անլուրջ. դրանից անմիջապես հետո Տիրան Խաչատրյանը պաշտոնանկ է արվել Փաշինյանի կողմից: