27/02/2021 12:10
Ադրբեջանական ագիտացիայի դեմ պայքարած մարդիկ թիրախավորվում են. դա պատիվ չի բերում պետությանը. Քաղաքագետը՝ Արա Սաղաթելյանի ձերբակալության մասին (Տեսանյութ)
Արա Սաղաթելյան, Կարեն Բեքարյան, Անժելա Էլիբեգովա.. կա տպավորություն, որ այն մարդիկ, որոնք երկար ժամանակ պայքարել են ադրբեջանական ագիտացիայի դեմ, հանկարծակի թիրախավորվում են, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից վերջին օրերին իրականացված ձերբակալություններին։
«Դա բերում է այլ մտքերի, թե ինչու հենց այս մարդիկ են թիրախավորվում այն ժամանակ, երբ հետպատերազմյան իրավիճակ է։ Ասել, որ կա անարդարություն, դա դատարանի խնդիր է, մենք ուղղակի կարող ենք արձանագրել փաստ, որ տեղի ունեցածը թիրախավորված է և այդ անարդարադատությունը պատիվ չի բերում, լուրջ հարված է յուրաքանչյուր իշխանությանը», - ասաց քաղաքագետը։
Նա նշեց, թե նույնիսկ իշխանությանը պետք չի այն իրավիճակը, որ իր իրականացրած գործողությունների հետևանքով երկրում ի հայտ են գալիս քաղբանտարկյալներ։
Ինչ վերաբերում է Արա Սաղաթելյանին ձերբակալելու որոշմանը, Մարկարովն ասաց, որ թե՛ վերլուծաբանները, թե՛ լրագրողները շատ լավ գիտեն, թե ինչ հակաադրբեջանական քարոզչություն է նա իրականացրել երկար տարիներ։