01/03/2021 16:27
«Այս ամենը չեմ կարող հանդուրժել». Գեղարքունիքի փոխմարզպետն ազատման դիմում է գրել ու միացել ԳՇ հայտարարությանը
Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտարարելով, որ միանում է ԳՇ հայտարարությանն ու թողնում փոխմարզպետի պաշտոնը։
«Հայաստանի Հանրապետության իշխանության անհեռանկար քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ վարչախումբը ձեռնոց նետեց Հայաստանի Զինված Ուժերին՝ մի բան, որ նշանակում է ձեռք բարձրացնել հայոց սրբության՝ հայկական բանակի վրա:
Ես՝ որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, այս ամենը չեմ կարող հանդուրժել և ներել բանակի դեմ ցանկացած ոտնձգություն՝ առավել ևս սեփական երկրի իշխանության կողմից, հետևաբար՝ այսօրվանից իմ դիմումի համաձայն հեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից և միանում եմ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը և սատարում եմ գլխավոր շտաբի պետին:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը…», - ասված է հայտարարությունում, որը մեջբերել են լրատվամիջոցները։