01/03/2021 13:19
Վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. Մանե Գևորգյան
ՀՀ վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը, այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ», - նշել է Գևորգյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «Իսկանդերը» կիրառվել է, կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ` Շուշիի ուղղությամբ։
«Իսկ «Իսկանդերը» պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգրերոդ օրը», - ասել էր Սարգսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը՝ հարց ուղղելով երրորդ նախագահին։
«Իսկ, գուցե, պատասխանեն՝ իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է տասը տոկոսով, օրինակ», - հայտարարել էր Փաշինյանը։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն այս թեմայի վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել՝ ընդգծելով, որ «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրներ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում չեն օգտագործվել։
«Հայաստանի վարչապետին, հավանաբար, մոլորության մեջ են գցել», - նշել էին ՌԴ ՊՆ-ից։