01/03/2021 16:16
Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են. «Նախագահն առաջնորդվում է բացառապես համապետական շահերով»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են: Քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջ է, վարչապետը տեսակցելու նպատակով այցելել էր նրան:
«Բնականաբար, Հանրապետության նախագահն ու վարչապետն անդրադարձել են նաև երկրի ներքաղաքական իրավիճակին: Տարածվող այլ տեղեկությունները բացարձակապես սուտ են, և փորձ են ավելի սրելու առանց այն էլ լարված իրավիճակը:
Մեկ անգամ ևս հորդորելով ձեռնպահ մնալ սադրիչ և կեղծ տեղեկություններ տարածելուց, միաժամանակ, կրկին ընդգծում ենք, որ Հանրապետության նախագահն առաջնորդվում է բացառապես Սահմանադրությամբ և համապետական ու համազգային շահերով, գործում է իր սահմանադրական լիազորությունների շրջանակում», - ասված է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ զինված ուժերը պահանջել է ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, ինչին հաջորդել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը, որի ժամանակ նա հայտնել էր՝ որոշում է կայացրել պաշտոնից ազատել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, ինչի վերաբերյալ հրամանագիր էր ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Սակայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը: Սարգսանի այս որոշումը, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել և ևս մեկ անգամ լրացուցիչ հիմնավորումներով ԳՇ պետին աշխատանքից ազատելու հրամանագիր է ուղարկել ՀՀ նախագահին: