01/03/2021 18:33
Իշխանությունը փողոցում գցած է, Նիկոլ Փաշինյանին ուղղակի այլևս լուրջ չեն ընդունում. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
Նախագահը կատարել է իր սահմանադրական պարտականություններն ու, կարծում եմ, որ նախագահը կշարունակի մնալ իր լիազորությունների շրջանակներում ու կապահովի Հայաստանի Սահմանդրության կետերի կատարումը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ նախագահի քայլերին։
Արթուր Վանեցյանն ընդգծեց՝ գրեթե բոլորը պահանջում են Նիկոլ Փաշինյանի ու գործող վարչակազմի հեռացումը։
«Չտեսնել դա, չնկատել դա, արդեն կարճատեսություն էլ անվանել չի կարելի, սա կա՛մ խելագարության կանխավարկած է, կա՛մ ուղղակի փորձում են ինչ-որ մի կերպ ձգեն իրենց պաշտոնավարումը, գուցե, ինչ-որ ծրագրեր իրականացնելու համար», - ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։
Նա նշեց՝ չի կարող Հայաստանում տիրող այս աննորմալ վիճակը երկար շարունակվել։
«Իշխանությունը փողոցում գցած է, դա շատ վատ բառակապակցություն է, բայց այսօր իրականում այդպես է, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այսօր չունի իշխանություն Հայաստանում, ինքը չի կարող այսօր հրամաններ տալ, նրան ուղղակի այլևս լուրջ չեն ընդունում», - ասաց «Հայրենիք» կուսակցության առաջնորդը։