01/03/2021 13:50
Դատարանը հաստատել է՝ դատախազությունը և ՀՔԾ-ն խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները. Զոհրաբյան
2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբան հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դատարանը բավարարել է փաստաբանների բողոքը:
«ՀՀ գլխավոր դատախազությունը նշված հաղորդումը ուղարկել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ հատուկ քննչական ծառայությունը խուսափել է քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելուց, այդ հաղորդումը կցելով մեկ այլ քրեական գործի նյութերին:
Հատուկ քննչական ծառայության այս անգործությունը բողոքարկվել էր դատարան: Դատարանն (դատավոր Հ.Մանուկյան) այսօր որոշել է՝ «Արա Զոհրաբյանի և Արմինե Ֆանյանի կողմից ներկայացված բողոքը բավարարել: Ճանաչել Արա Զոհրաբյանի և Արմինե Ֆանյանի իրավունքների և ազատությունների խախտումը: Վարույթն իրականացնող մարմնի համար սահմանել պարտականություն վերացնելու դրանք՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները»:
Դատարանը, ըստ էության, հաստատել է, որ դատախազությունը և Հատուկ քննչական ծառայությունը խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները: Թե ինչու են ՀՀ դատախազությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը խուսափում պետական դավաճանության փաստով քրեական գործ հարուցելուց, առանձին քննարկման հարց է», - գրել է նա: