01/03/2021 15:47
Համաձայն եմ հակասահմանադրական քայլ անել, եթե բանակը հանգիստ թողնեն. Մարուքյան
Իշխանությունն արտահերթ ընտրություն չի ուզում՝ գիտեն, որ պարտվելու են, լրագրողների հետ զրույցում արձանագրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա ընդգծեց, որ իշխանությունն ամենօրյա ռեժիմով պատրվակ է փնտրում ընտրությունը վիժեցնելու համար:
«Ցանկացած կոմպրոմիսի պատրաստ ենք, ցրեք խորհրդարանը, գնանք ընտրության: Ինչ ուզի՝ պատրաստ եմ, ցանկացած հուշագիր ստորագրում եմ՝ կցրի՞: Իրենց փաստարկները պատրվակներ են՝ առանց նախապայմանների, նախապայմաններով... », - ասաց Մարուքյանը:
Նա ավելացրեց, որ համաձայն է հակասահմանադրական քայլ անել, եթե բանակը հանգիստ թողնեն, որովհետև դա հղի է ցնցումներով:
Ընդդիմադիր պատգամավորը նաև նկատեց.
«Նրանք ուզում են որքան կարող են երկիրն էս ձևով պահել, իրենց օպոնենտներին նստացնել, բանտերը լցնել էդ մարդկանցով, հետո կկազմակերպել ընտրություններ, կամ էլ՝ չէ: Բայց քանի որ պոտենցիալ կոմպետենտություն չունեն՝ անգամ ռեպրեսիաներ անելու, դա էլ իրենց մոտ չի ստացվում: Հետևաբար, տակը մնացել է էս «ղալմաղալը», իրենց կարող են միայն «ղալմաղալ» անել, երկիրը քաոսի վերածել»: