01/03/2021 13:03
Թաիլանդում վարչապետի նստավայրի մոտ ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժել է 33 մարդ
Առնվազն 33 մարդ է տուժել ոստիկանության հետ բախումների հետևանքով, որոնք կիրակի տեղի են ունեցել Թաիլանդի վարչապետ Պրեյութ Չան-Օչիի նստավայրի մոտ անցկացված բողոքի ցույցի ժամանակ: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ThaiPBS հեռուստաալիքը՝ հղում անելով Erawan հրատապ բժշկական կենտրոնին:
Ըստ աղբյուրի՝ տուժել է 23 ոստիկան և 10 հակակառավարական ակտիվիստ: Նրանք տեղափոխել են տարբեր բժշկական հաստատություններ: Բացի այդ, հայտնի է դարձել սրտի կանգի պատճառով իրավապահ մարմինների մեկ սպայի մահվան մասին: Իրավապահին բողոքի ցույցից տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:
Մինչդեռ ոստիկանությունը հայտնել է, որ 22 ցուցարար բերման է ենթարկվել: Նրանց մեղադրանք կառաջադրվի արտակարգ դրության հրամանը, վարակի տարածման դեմ պայքարին և գույքին վնաս պատճառելու մասին օրենքը խախտելու համար:
Փետրվարի 28-ին Հաղթանակի հուշարձանի մոտ սկսվեց հերթական հակակառավարական ցույցը, որտեղից հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի վարչապետի նստավայր, որը նախորդ օրը շրջափակվել էր տարաներով ու փշալարերով: Ակտիվիստները պահանջում են վարչապետի հրաժարականը, երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ և միապետության բարեփոխումներ: Նստավայրի մոտ ծեծկռտուք է սկսվել ցուցարարների ու ոստիկանության աշխատակիցների միջև, որոնք մի քանի անգամ ստիպված են եղել օգտագործել հատուկ միջոցներ: