01/03/2021 14:17
Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքները համարվում են բռնազավթված. ԱՀ ԱԺ հայտարարությունը
Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին՝ ընդգծելով, որ մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված (օկուպացված) Ադրբեջանի Հանրապետության կողմից:
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է, որ`
· 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը հռչակվել է ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա.
· Արցախի Հանրապետությունը 1992-1994 թթ. հետ է մղել Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիան՝ ուղեկցված միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով.
· Արցախի Հանրապետությունը, որպես հակամարտության կողմ, տարբեր ձևաչափերով մասնակցել է 1992-2020 թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին՝ տարածաշրջանային կայունության ապահովման և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով.
· Ադրբեջանի Հանրապետությունը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահ պետությունների առջև ստանձնած ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու պարտավորությունը, 2020թ. սեպտեմբերի 27-ին լայնածավալ ռազմական գործողություններ է ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ, որին զոհ են գնացել հազարավոր մեր հայրենակիցներ՝ ինչպես խաղաղ բնակչության շրջանում, այնպես էլ Պաշտպանության բանակի շարքերից, միտումնավոր ոչնչացվել են Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքներն ու մշակութային ժառանգությունը:
Հիմք ընդունելով վերը նշված իրողությունները՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է.
1. Մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված (օկուպացված) Ադրբեջանի Հանրապետության կողմից.
2. Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան և նշված տարածքների բռնազավթումը որևէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության կարգավիճակի ու սահմանների որոշման գործընթացում», - նշված է հայտարարարության մեջ: