02/03/2021 17:08
Ընտանիքի անդամները հնարավորություն կունենան տեսակցել Արա Սաղաթելյանին. արգելանքը հանվել է
Քննիչը վերացրել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի տեսակցությունների վրա դրված արգելանքը, Aysor.am-ին ասաց Արա Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։
Ընտանիքի անդամները՝ կինն ու որդին, ավելի վաղ չէին կարողացել տեսակցել Արա Սաղաթելյանին. այս որոշումով ընտանիքի անդամները հնարավորություն կունենան տեսակցել նրան։
Հիշեցնենք՝ փաստաբաններից Հակոբ Ենոքյանը երեկ տեսակցել էր Սաղաթելյանին։
«Պարոն Սաղաթելյանի ոգին մարտական էր, ընկճված չէր, շատ լավ տրամադրություն ուներ, սպասում է Վերաքննիչի նիստին», - Aysor.am-ին ասել էր պաշտպանը։
Հիշեցնենք՝ փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, բավարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։
ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:
Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ էին արձակվել, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Սարգսյանը ձերբակալվել էին։ Մհեր Ավագյանն ու Կարեն Բեքարյանը հետագայում ազատ են արձակվել, Արամ Սարգսյանն ու Արա Սաղաթելյանը՝ կալանավորվել։
ԱԱԾ-ն այս գործի մանրամասների վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել։
Արա Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտարարել էր, թե Ազգային անվտանգության ծառայությանը հրահանգված է երկրում ծառացած խնդիրները լուծելու փոխարեն բացարձակապես որևէ առնչություն չունեցող մարդկանց վերագրել ինչ-որ ֆեյքերի կողմից էջեր վարելը։
Սաղաթելյանի մյուս փաստաբան Հակոբ Ենոքյանն էլ նշել էր, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն ինչպես իրավական, այնպես էլ փաստական առումով անհիմն է և որևէ կերպ չփաստարկված։
Սաղաթելյանը, Բեքարյանը, Ավագյանն ու Սարգսյանը ձերբակալվել են ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում ստորագրահավաք է սկսվել քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ազատ արձակելու պահանջով։