02/03/2021 17:56
Թբիլիսիում բողոքի ցույցի ընթացքում ձերբակալվել է յոթ մարդ
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության ցույցի ժամանակ բերման են ենթարկել յոթ մարդու, որոնք պահանջում էին ազատ արձակել պատգամավոր, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային: Այս մասին երեքշաբթի ТАСС-ին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից:
«Մենք հաստատում ենք յոթ մարդու կալանավորումը: Նրանք բերման են ենթարկվել ոստիկանությանը չենթարկվելու համար», - ասել է մամուլի պատասխանատուն:
Ընդդիմության ցույցը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, տեղի է ունենում առավոտից:
Քաղաքացիները հավաքվել են խորհրդարանի մուտքի մոտ և սուլում են օրենսդիր մարմին ժամանող պատգամավորներին: Ժամանակ առ ժամանակ բախումներ են տեղի ունենում ոստիկանության հետ: Ցուցարարներից ոմանք փորձում են փողոցներ փակել, սակայն ոստիկանության ուժեղացված ջոկատները նրանց դա թույլ չեն տալիս:
Վրաստանում բողոքի ցույցերը տեղի են ունենում փետրվարի 23-ից, երբ ձերբակալվել էր ընդդիմադիր Նիկա Մելիան: