02/03/2021 15:38
«Ազնիվ մարդ էր, նվիրված ընկեր, տաղանդավոր գրող, արժանավոր հայ». երեկ վթարից մահացած աղջիկը եվրատեսիլյան «Boom, boom»-ի և Սևակ Խանաղյանի «Արցախ» երգի խոսքերի հեղինակն էր
Երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած վրաերթի հետևանքով մահացել է 35-ամյա լրագրող, սցենարիստ Սոսի Խանիկյանը:
Սոսին հայտնի էր նաև որպես մի շարք հիթերի խոսքերի հեղինակ. նրա գրչին են պատկանում Էմմիի եվրատեսիլյան «Boom, boom»-ը, Սևակ Խանաղյանի «Արցախ»-ը, որը դարձավ Արցախյան երկրորդ պատերազմի երաժշտական սիմվոլը: Պատերազմից հետո էլ «Արցախը» Երևանի փողոցներում է հնչում, վերջին օրերին՝ Բաղրամյան պողոտայում՝ Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքներին:
Վերջին շրջանում Սոսի Խանիկյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի Բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավարն էր: Ընկերությունը ևս ֆեյսբուքում գրառման միջոցով իր ափսոսանքն է հայտնել գործընկերոջ վաղաժամ մահվան կապակցությամբ:
«Երեկ ուշ գիշեր լռեց այն ձայնը, որը մեր էջերի միջոցով խոսում էր ձեզ հետ: Երեկ մարեց այն արևը, որ ծնում էր Հայաստանի լավագույն ստեղծագործական նախագծերը...
Սոսի Խանիկյանն ազնիվ մարդ էր, նվիրված ընկեր, տաղանդավոր գրող, արժանավոր հայ: Սոսին հավերժ կմնա մեր սրտերում, իսկ նրա ստեղծագործությունները` երգերը, բանաստեղծությունները, ֆիլմերն ու արվեստը կփոխանցվեն սերունդներին: Մեր թիմը սգում է», - նշված է գրառման մեջ: