04/03/2021 13:05
Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի ներքին գործերին. Զախարովա
Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի ներքին գործերին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մեր դիրքորոշումը հավասարակշռված, հստակ և միանշանակ է, որը մենք դավանում ենք ինչպես արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, այնպես էլ մեր արտաքին քաղաքականության մեջ, որն ուղղված է առանձին երկրների, պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության կառուցմանը՝ ներքին գործերին չխառնվելը: Դա (Հայաստանում տեղի ունեցողը) ինքնիշխան պետության ներքին գործն է, քաղաքական գործընթաց է այդ երկրում, այլ գնահատականներ լինել չեն կարող», - ասել է Զախարովան «Խոսում է Մոսկվան» ռադիոյի եթերում՝ պատասխանելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին:
Խոսելով այն մասին, թե Ռուսաստանը կարո՞ղ է դառնալ միջնորդ Հայաստանում իրավիճակի կարգավորման համար, Զախարովան ընդգծել է, որ այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, «ինքնիշխան պետության ներքին գործն է»:
«Կան տարբեր քաղաքագիտական գնահատականներ, բայց մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ», - հավելել է նա: