04/03/2021 11:22
«Կորոնավիրուսով կրկնակի վարակումը բացառված չէ». Հայաստանում կորոնավիրուսային վիճակը կրկին անհանգստացնող է
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսային իրավիճակին՝ նշելով, որ թվերի աճ կա, ինչը անհանգստացնող է:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ կա հիվանդացության աճ. երեկվա դրությամբ՝ կա 491 դրական դեպք:
Նախարարը նշեց, թե պետք է վերադառնալ դիմակների ու կանխարգելիչ այլ միջոցառումների խիստ պահպանմանը:
«Եթե մենք ուզում ենք պաշտպանել մեր հարազատներին, պաշտպանել մեզ, ապա պետք է ամեն բան անենք, որ կանխենք հիվանդության տարածումը», - նշեց նախարարը:
Ավանեսյանի խոսքով՝առանձնակի ուշադրություն պետք է վերահսկող մարմինները իրականացնեն:
«Այսօր վերսկսում ենք երկու հիվանդանոցի ծավալման աշխատանքները, ներկայում ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը, հընթացս կավելացնենք մահճակալների թիվը», - ասաց նախարարը:
Ավանեսյանը նշեց, որ հիվանդներից 20 տոկոսի մոտ կա ծանր ընթացք, հինգ տոկոսի մոտ՝ ծայրահեղ ծանր ընթացք:
Նախարարի խոսքով՝ պատվաստանյութերի ձեռքբերման աշխատանքներն ընթանում են, որոշակի դանդաղում կա, սակայն ամեն ինչ անում են, որ հասանելիությունը ապահովվի:
«Հույս ունենք, որ գարնան ընթացքում առաջին խմբաքանակը արդեն կունենանք», - ասաց նա:
Ավանեսյանը նշեց, թե թյուր ըմբռնում կա, որ եթե վարակվել ու լավացել են կորոնավիրուսով, ապա ավելի դժկամությամբ են կրում դիմակներ:
«Որևէ ապացուցված գիտական մոտեցում չունենք, որ վարակումը բացառված է, ուստի, խնդրում եմ, պահպանեք կանոնները», - ասաց նախարարը: