04/03/2021 15:04
«Այս իշխանությունը հեռանալու է, ՀՀ-ում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո». Վազգեն Մանուկյանը Լևոն Արոնյանին խնդրել է վերանայել հեռանալու որոշումը
Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը դիմել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին՝ խնդրելով վերանայել Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշումը:
«Ցավով կարդացի Ձեր վերջին հայտարարությունը՝ Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշման հետ կապված:
Հայաստանը միշտ հպարտացել է Ձեզանով, Դուք եղել եք բոլորիս պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Ձեր շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ:
Դուք իրավացի եք, այս իշխանությանն իսկապես հաջողվեց պառակտել նաև շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի, ինչպես քաոսի վերածեց բոլոր ոլորտներն ու ողջ երկիրը: Բայց հավատացեք, մեր ժողովուրդն այլևս թույլ չի տալու, որ մեր երկրի, մեր տաղանդավոր զավակների կերտած հաղթանակները ոչնչացվեն: Այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, վերականգնելու ենք արժանապատվությունն ու հաղթանակները, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:
Դիմում եմ Ձեզ՝ խնդրելով գտնել հնարավորություն վերանայելու Ձեր որոշումը: Պատրաստ եմ նաև հանդիպել Ձեզ և շախմատային աշխարհի մյուս հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոչ միայն շախմատային ոլորտի, այլ մեր երկրի ապագայի զարգացման գործում ձեր անգնահատելի մասնակցությունը», - նշել է Մանուկյանը: