05/03/2021 14:18
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչ է. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանի նախագահի պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է Ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տանում տարածաշրջանը հետագա ապակայունացման ու փորձության ճանապարհով, լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Ինչպես միշտ, Ադրբեջանը խեղաթյուրում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի դրույթները, թեև այդ նույն բանաձևերն իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի խաղաղ գործընթացին, որը գլխավորում են Մինսկի խմբի համանախագահները:
Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահ երկրների դիրքորոշմանը, որը հստակորեն ընդգծում է՝ հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում: Մեզ համար ակնհայտ է, որ ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը և պատերազմի հետևանքների վերացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են», - նշել է Աննա Նաղդալյանը։