05/03/2021 09:56
«Ժողովուրդ». Ոստիկանության աշխատակիցները պարգևատրվել են երկու անգամ
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ ոստիկանության աշխատակիցները այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:
Ոստիկանության լրատվական ծառայությունից, թերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով։
Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ՝ մեկ անգամ՝ հունվար ամսվա համար, մեկ անգամ էլ՝ արդեն միանվագ։