06/03/2021 11:11
Ռադայում Զելենսկուն խոստացել են գնդակահարված Չաուշեսկուի ճակատագիրը
Գերագույն Ռադայի պատգամավոր «Ընդդիմության պլատֆորմ՝ հանուն կյանքի» խմբակցության պատգամավոր Վադիմ Ռաբինովիչը Newsone հեռուստաալիքի եթերում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն կանխատեսել է 1989 թվականին գնդակահարված սոցիալիստական Ռումինիայի առաջնորդ Նիկոլաե Չաուշեսկուի ճակատագիրը:
Պատգամավորը Զելենսկուն մեղադրել է Ուկրաինայում ֆաշիստական ռեժիմ կառուցելու համար և հայտարարել, որ պետության ղեկավարը թույլատրել է ստեղծել 20 հոգանոց հատուկ մարտական խումբ: Ռաբինովիչի խոսքով, այդ ստորաբաժանումը զբաղվելու է իշխանությունների կողմից անցանկալի լրագրողների ու պատգամավորների վրա հարձակումներով և ֆիզիկական ոչնչացմամբ:
«Այսինքն՝ հիմա Ուկրաինայում կարելի է լրագրողներին ծեծել. Զելենսկին թույլ է տվել: Կարելի է փակել հեռուստաալիքներ. Զելենսկին թույլ է տվել: Այժմ նաև սպանել է կարելի. Զելենսկին թույլ է տվել: Ուստի ես ուզում եմ փոխանցել Զելենսկուն. նմանները շատ են եղել, ես կարող եմ թվարկել նրանց՝ Չաուշեսկուից մինչև ում ուզեք, և նրանք բոլորի վերջը նույնն էր: Եվ դու՝ Ուկրաինայի ժողովրդին դավաճանածը, նույն կերպ կավարտես», - ասել է Ռաբինովիչը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի սկզբին իր հրամանագրով գործի է դրել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ «112 Ուկրաինա», NewsOne- ի և ZIK հեռուստաալիքների և «Ընդդիմության պլատֆորմ՝ հանուն կյանքի» խմբակցության պատգամավոր Տարաս Կոզակի նկատմամբ, որին պատկանում են նշված հեռուստաալիքները, հինգ տարի ժամկետով պատժամիջոցներ կիրառելու մասին: Պատժամիջոցների տակ հայտնված հեռուստաընկերությունները հակադրվում են իշխանություններին, դրանք կապված են «Ընդդիմության պլատֆորմ՝ հանուն կյանքի» կուսակցության առաջնորդներից մեկի՝ Վիկտոր Մեդվեդչուկի հետ: