08/03/2021 19:08
Երաժիշտ, հեղինակ, գործիքավորող Աբել Կյուրեղյանը ներկայացրել է իր «Իմ փոքրիկ աղջիկ» երգն ու տեսահոլովակը (Տեսանյութ)
Ընտանեկան ջերմության, հայր և դուստր հավիտենական սիրո մասին երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Արմեն Բադալյանն է, իսկ գործիքավորումն իրականացրել է Աբել Կյուրեղյանը:
Երգի հեքիաթային իրականությունը տեսահոլովակի է վերածել Վահե Տերտերյանը:
Աբել Կյուրեղյանի խոսքով՝ պատերազմից հետո շատ դժվարությամբ են մարդիկ անցնում իրենց աշխատանքին, բոլորի համար կյանքը մի պահ կանգ էր առել, իսկ հիմա յուրաքանչյուրն իր գործի միջոցով վերականգնվում է, վերադառնում կյանք: Իր կողմից ընտրվել է «Իմ փոքրիկ աղջիկ» երգը, քանի որ այն խորհրդանշական է՝ երեխա, նոր սկիզբ, սփոփանք, դրական մտքեր, ինչի կարիքը հիմա շատ կա:
Աբել Կյուրեղյանն իր ուղին սկսել է շատ վաղուց՝ երաժշտական կրթություն ստանալով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Երաժիշտը հանդիսատեսին հայտնի է իր «Ինչու» դուետով:
2015-ից առ այսօր Հայաստանի Ազգային Ակադեմիական երգչախմբի անդամ է:
2015 թվականին Լոնդոնի Սուրբ Եղիշե Հայ Առաքելական եկեղեցում անցկացվող համերգի ժամանակ հանդես է եկել որպես մենակատար` ներկայացնելով հայ հոգևոր երաժշտություն և հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։
2016 թվականին Լիբանանի վարչապետի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի կողմից հրավերք են ստացել հանդես գալու Կառլ Օրֆֆի «Կարմինա Բուրանա» համերգային ծրագրով։
Համագործել է նաև բրիտանացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Կառլ Ջենկինսի հետ, ում ղեկավարությամբ կատարել է նրա սիմֆոնիկ «Adiemus» ստեղծագործությունը:
Մասնակցել է բազմաթիվ համերգների, փառատոնների, շատ անգամ նաև որպես ժյուրիի անդամ է եղել:
Առաջիկայում նախատեսվում է նաև նոր երգ, թեման սերն է, կլինի ռուսալեզու։ Երգը հեղինակային է, երաժշտությունն ու գործիքավորումն իրականացրել է Աբել Կյուրեղյանը: Նրան երգի ստեղծման գործում օգնել է իր որդին՝ 14-ամյա Համլետը, ով ռուսերենով երգի գեղեցիկ խոսքերն է գրել: