09/03/2021 11:53
Եմենում հրդեհի հետևանքով զոհվել է 60 մարդ
Եմենի մայրաքաղաք Սանայում միգրանտների պահման կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 60 մարդ է զոհվել, 100-ը՝ տուժել: Քաղաքը վերահսկող հուսիների ներկայացուցիչը հայտարարել է, որ մեծ թվով զոհերի պատճառը դարձել է շենքում խուճապը և հրմշտոցը, գրում է «Սինհուա» լրատվական գործակալությունը:
Կենտրոնում գտնվել է անօրինական ավելի քան 600 միգրանտ Սոմալիից և Եթովպիայից: Մահացածների թվում կան նաև հաստատության աշխատակիցներ:
Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) աշխատակիցները շտապ օգնություն են ցուցաբերել ավելի քան 170 տուժածի, որոնցից առնվազն 90-ի վիճակը ծանր է: ՄՄԿ-ն նաև կոչ է արել հուսիներին ստուգել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում միգրանտների պահման բոլոր կենտրոնները մարդկանց կյանքի անվտանգությունն ապահովելու համար:
Հուսիները, իրենց հերթին, հայտարարել են, որ հրդեհի համար ամբողջ պատասխանատվությունը կրում են ՄՄԿ-ն և ՄԱԿ-ը՝ մեղադրելով կազմակերպություններին միգրանտներին չտեղավորելու և նրանց արտաքսմանը չաջակցելու համար: