10/03/2021 12:46
Ռուսաստանը Հայաստանում իրավիճակի շուտափույթ կարգավորման հույս ունի և չի միջամտում ներքին գործընթացներին. ԱԳՆ
Ռուսաստանը Հայաստանում իրավիճակի շուտափույթ կարգավորման հույս ունի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Մենք դա դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործ և չենք միջամտում այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում այնտեղ, մենք ոչ ոքի կողմը չենք անցնում: Ցանկանում ենք, որ իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի, դա օգուտ կտա բոլորին, ներառյալ Լեռնային Ղարաբաղի շուրջ կարգավորմանը», - լրագրողներին ասել է Ռուդենկոն, հաղորդում է «Интерфакс»-ը:
Հարցին, թե Հայաստանում ներքին ճգնաժամը կարող է հանգեցնել Ղարաբաղում նոր սրացման, փոխնախարարը պատասխանել է, որ «մարդիկ, որոնք դրանով զբաղվում են, հաշվարկում են բոլոր հնարավոր սցենարները»:
«Հույս ունենք, որ դրան չի հասնի, քանի որ դա ոչ ոքի պետք չէ, առաջին հերթին՝ Հայաստանին: Մենք իրավիճակը չենք դիտարկում նման բացասական լույսի ներքո», - ասել է Ռուդենկոն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մշտական կապի մեջ է հայկական կողմի հետ դեսպանատան միջոցով և այլ ուղիներով: