10/03/2021 19:16
Լեհաստանում կորոնավիրուսը հայտնաբերելու են շների միջոցով
Չորս ծառայողական շներ դառնալու են Լեհաստանի առաջին չորքոտանիները, որոնք կօգնեն նույնականացնել կորոնավիրուսով վարակվածներին: Այս մասին երեքշաբթի՝ մարտի 9-ին, հայտարարել է Z-Radio ռադիոկայանը:
Դասընթացին մասնակցում են Պետական հարկային ծառայության շները և նրանց սպասարկողները: Նախատեսված ութ շաբաթվա դասընթացների ընթացքում Նեգրիտու, Սոնյա, Բրյուս և Հանտեր անուններով շները կվերապատրաստվեն՝ ճանաչելու վիրուսով վարակվածներից ստացված COVID-19-ի հոտը:
Հաղորդվում է, որ Լեհաստանում սկսվել է կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը: Վերջին օրվա ընթացքում երկրի Առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ ապաքինվել է 9 270 մարդ, մահացել՝ 282-ը, վարակ է հայտնաբերվել 9 954 քաղաքացու մոտ:
Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականի մարտի 4-ից, երբ հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը, դրանով վարակվել է 1 811 036 մարդ, մահացել է 45 599-ը: