11/03/2021 15:44
Google-ը նախատեսում է հարկ սահմանել YouTube-ի տեսահոլովակների հեղինակների համար
Ամերիկյան Google կորպորացիան նախատեսում է հարկ սահմանել ամբողջ աշխարհի վիդեո բլոգերների համար, որոնք YouTube պլատֆորմի վրա տեսանյութեր են ստեղծում. փոխհատուցումները պետք է վճարվեն ԱՄՆ-ում դրանց բովանդակությունը դիտելու արդյունքում ստացված եկամտի համար: Համապատասխան տեղեկատվությունը ներկայացված է կորպորացիայի տեխնիկական աջակցության կայքում:
Նշվում է, որ Google-ը կարող է հարկեր հավաքել 2021 թվականի հունիսից:
Բացի այդ, մինչև մայիսի 31-ը բովանդակության բոլոր ստեղծողները պարտավոր են պահանջվող տվյալները ներկայացնել AdSense դրամայնացման ծառայությանը: Այն դեպքում, երբ պատշաճ տեղեկատվություն ժամանակին չի տրամադրվում, ընկերությունն ամբողջ աշխարհում կարող է գանձել օգտատերերի ամբողջ վաստակի 24%-ը:
Ընկերությունը բացատրել է, որ համապատասխան միջոցն անհրաժեշտ է Միացյալ Նահանգների ներքին եկամուտների ծառայության պահանջներին համապատասխանելու համար, համաձայն որի՝ Google-ը պետք է «հավաքի հարկային տեղեկատվություն բոլոր հեղինակների մասին, որոնք ԱՄՆ-ից դուրս դրամայնացնում են իրենց բովանդակությունը», և «որոշ դեպքերում հարկեր գանձել, եթե այդ ստեղծողները եկամուտ են ստանում ԱՄՆ բնակիչներից»: