11/03/2021 11:52
Շատ-շատ զիջում ենք աշխարհի զարգացած երկրներին, ԵԱՏՄ երկրների շարքերում էլ առաջնային տեղ չունենք. Նիկոլ Փաշինյան
Վերջերս ինձ ներկայացվել է արտադրողականության մասին զեկույց. արտադրողականությունը հետևյալի մասին է, թե մեկ ժամում աշխատողը քանի դրամի կամ դոլարի կամ որևէ արժույթով արժեք է ստեղծում, կառավարության այսօրվա նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս առումով մենք շատ-շատ զիջում ենք աշխարհի զարգացած երկրներին, ոչ միայն զարգացած երկրներին, նաև՝ ԵԱՏՄ երկրների շարքերում էլ առաջնային տեղ չունենք», - ասաց վարչապետը:
«Հիմա հարց՝ արդյոք մեր բոլոր տնտեսվարողները իրենց տարեկան պլանները կազմելիս, ծախսերը, եկամուտները հաշվարկելիս հաշվի առնում են արտադրողականության կոմպոնենտը, վստահ չեմ, որ այդպես է», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց՝ իր գործընկերներից մեկը պատմել է, թե երբ ընկերության գործերն այդքան էլ լավ չէին գնում, չէին հասկանցել, թե ինչու գործերն առաջ չէին գնում:
«Երբ օտարերկրյա խորհրդատուներ են հրավիրել, վերջիններիս առաջին հարցը եղել է, թե ինչպիսին է արտադրողականության ցուցանիշը, իսկ ընկերությունում այդ մասին չեն լսել և ընկերության առողջացման գործընթացը սկսվել է արտադրողականության ցուցանիշից, խոսքը սուպերմարկետի մասին է», - ներկայացրեց վարչապետը:
Նա ասաց, թե երբ խոսում են արտադրողականության բարձրացման մասին, նախ պետք է ներկայացնել, թե ինչ է արտադրողականությունը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հայտարարեց, թե Հայաստանում մեկ ժամում միջինացված արտադրողականությունը 6 դոլար է, ԵԱՏՄ-ում միջինը 11,5 դոլար է, իսկ զարգացած երկների պարագայում՝ միջինը 43 դոլար:
«Շատ-շատ զիջում ենք մեր մրցակից երկրների արտադրողականությանը», - ասաց նախարարը: