11/03/2021 14:40
Նիկոլ Փաշինյանի օգնականի ու քննիչի հանցագործությունների կատարման մասին փաստաբանի դիմումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի ու ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերևույթ հանցագործությունների կատարման մասին փաստաբան Ամրամ Մակինյանի ներկայացրած հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունում է։
Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն Aysor.am-ին հայտնեց, որ հաղորդումը ստացել են, ուսունասիրվում է։
Հիշեցնենք՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե իր պաշտպանյալի գործով Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է ապօրինի հանձնարարում քաղաքական հետապնդման դեպքերով գործին չառնչվող տեղեկատվություն հավաքել։
168.am-ի էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էին ստացվել։ Դրանցում հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և, ըստ էության, հրահանգավորում հիմնական դերակատարներին։