11/03/2021 10:41
Արմեն Սարգսյանի վերաբերյալ ես փորձում եմ լինել զուսպ, խոսքեր, իհարկե, կան, բայց դրանք եթերային չեն. Արա Սաղաթելյան
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, հետպատերազմյան շրջանի առաջին քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի գնահատմամբ՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի որդեգրած ճանապարհն առավել հարիրն է այս պահին։
«Ժողովուրդն ուզում էր իմանալ, թե որտեղ է բանակը, և իմացավ, որ Նիկոլ Փաշինյանի հետ չէ։ Հանրային ցասումը տեղի էր ունենում մինչև ԳՇ հայտարարությունը, ԳՇ հայտարարության ժամանակ և դրանից հետո։ Միանշանակ է, որ սահմանադրության համապատասխան կարգավորումը ենթադրում է, որ վարչապետները կարող են փոփոխվել շատ հաճախ․ իսկ ԳՇ պետը պետք է պաշտոնավարի առնվազն 5 տարի։ Իրավական տեսանկյունից Փաշինյանը որևէ ազդեցություն չունի ԳՇ պետի պաշտոնավարման վրա, բացի նշանակումից», - «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի ընթացքում ասել է Արա Սաղաթելյանը։
Նա նշել է, որ ԳՇ պետի հետկանչի մեխանիզմ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չի, այլ բան է, որ իրավական գործընթացներն այս երկրի համար չեն։
Ինչ վերաբերում է նախագահ Արմեն Սարգսյանի գործողություններին, որոնք վերաբերում են ԳՇ պետին, Սաղաթելյանն արձագանքել է.
«Արմեն Սարգսյանի վերաբերյալ ես փորձում եմ լինել զուսպ, խոսքեր, իհարկե, կան, բայց դրանք եթերային չեն։ Նա իմիտացնում է որոշակի գործունեություն, որը կարող է և չիմիտացնել»։