11/03/2021 17:13
Բրիտանական «HALO Trust»-ը թուրքերին է փոխանցել Արցախի ականապատված տարածքների քարտեզը (24news.am)
Բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որն Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները։ Այս մասին 24News-ին հայտնել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։
«Հավաստի աղբյուրներից ինձ հայտնի է դարձել, որ «HALO Trust» ընկերությունը, որն աշխատում էր բրիտանական բարեգործական կազմակերպության անվան տակ ու զբաղված էր ականների չեզոքացման աշխատանքներով, Արցախում աշխատած ժամանակահատվածում ձեռք է բերել հայկական կողմի ականապատված տարածքների քարտեզներն ու փոխանցել թուրքական հատուկ ծառայություններին։
Սրա պատճառով պատերազմի ժամանակ հակառակորդը կարողացել է բարեհաջող կերպով անցնել ականապատված տարածքներով։ Վտանգավոր տարածքները ուսումնասիրելու անվան տակ այս ընկերությունն իրականացրել է հետախուզական գործողություններ Արցախի ամբողջ տարածքում։
Այս կազմակերպությունը հիմնադրվել է բրիտանական խորհրդարանի անդամ և բրիտանական բանակի նախկին գնդապետ Քոլին Քէմբլ Միթչելի կողմից 1988 թ-ին», - ասել է Ավագյանը։