11/03/2021 13:30
Վահե Հակոբյանը կուսակցություն է ստեղծել. օրակարգային թիվ մեկ հարցը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է
Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանն ու թիմակիցները կուսակցություն են ստեղծել՝ «Վերածնվող Հայաստան», այդ մասին նա ասել է 5-րդ ալիքի «Հարցազրույցի» տաղավարում:
«Հիմնվելու ենք Սյունիքի վրա, բայց շատ համակիրներ ունենք նաև ամբողջ Հայաստանում: Հստակ գիտենք՝ ինչ ենք ուզում, հստակ տեսնում ենք ճանապարհը՝ ոնց ենք գնալու երկիրը վերակառուցելու համար», - ասել է Հակոբյանը:
Նրա խոսքով՝ կուսակցության գաղափարախոսությունը հիմնված է սոցիալ-կապիտալիզմի վրա, բայց չեն բացառում նաև որևէ ուժի հետ կոնսոլիդացվելը՝ իրավիճակով է պայմանավորված:
Օրակարգային թիվ մեկ հարցը, նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Սյունիքի նախկին մարզպետը հայտնել է՝ աջակցում ու միանում են բոլոր այն ուժերին ու անհատներին, որոնց օրակարգում ևս Փաշինյանի հրաժարականն է:
«Մյուս ծրագրերը մենք հանրությանը կներկայացնենք ընտրություններից առաջ: Ես համոզված եմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինելու են», - նշել է Հակոբյանը:
Նրա խոսքով՝ վարչապետի հրաժարականն արագացնելու համար հանրային ճնշումը պետք է մեծանա.
«Ինչ ասեմ՝ Նիկոլ Փաշինյանն աներես ա»: