12/03/2021 10:48
«ՀԱԼՈ Թրաստ» ընկերությունը հերքում է՝ թուրքական հատուկ ծառայություններին Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզ չեն փոխանցել
«ՀԱԼՈ Թրաստ» ընկերությունը հերքում է՝ ղարաբաղյան պատերազմի ընթացքում իրենք թուրքական հատուկ ծառայություններին Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզ չեն փոխանցել։
Ընկերությունից հերքել են լուրը՝ տարածելով հայտարարություն։
« «ՀԱԼՈ Թրաստ»-ը տեղյակ է այն պնդման մասին, որ այն 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։ Ավելի քան 20 տարիների ընթացքում «ՀԱԼՈ Թրաստը»-ը աշխատել է Ղարաբաղում՝ տեղական բնակչության կյանքն անվտանգ դարձնելու համար։ «ՀԱԼՈ Թրաստ»-ը կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում միայն այն պատճառով, որ այն ոչ քաղաքական և չեզոք կազմակերպություն է։ Այս պնդումը բացարձակ սուտ է», - նշված է «ՀԱԼՈ Թրաստ» ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը 24News.am-ի հայտնել էր, թե բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որն Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները։